ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ
Մեսրոպ Մաշտոց, (Մաշտոց, Մաշթոց) (361 կամ 362 թ., գյուղ Հացեկաց (Տարոնի գավառում ) - 440թ. փետրվարի 17,Վաղարշապատ (այժմ Էջմիածին), թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։[1][2] Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարևորագույն դեր ունեցավ հայ ազգի ազգային ինքնության հետագա պահպանման համար։ [1][3]. Համաձայն գերակշռող գիտական տեսակետների վրացերեն [4][5][6][7] և աղվաներեն [5][7][8] այբուբենների ստեղծողն է։
Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։
Կենսագրություն
Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր (ըստ Անանիա Շիրակացու՝ «ազատի տնից»)։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով Դ (մոտ 385 − 388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395/396-ին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաև Սյունիում։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանելու համար։ Վերադարձել է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։
Մոտ 404-ին Միջագետքից բերված Դանիելյան նշագրերով, կատարել է թարգմանական և ուսուցողական առաջին փորձերը, սակայն ապարդյուն։ Այդ ժամանակ ստացել է վարդապետի (ուսուցչի) աստիճան։ Վռամշապուհի և Սահակ Պարթևի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ։ Եղել է Եդեսիայում, Ամիդում, ապա՝ Սամոսատում։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության հետ՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի (Paquida, 398-408 թթ), Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի (400-409 թթ.) հետ, այցելել է Եդեսիայի գրադարան։ Մոտ 405-406 թթ. Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Արևմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է Վիրք, ուր վրաց Բակուր (մոտ 416-429 թթ.) արքայի, Մովսես եպիսկոպոսի, և թարգմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը («խուցուրի»)։ Մոտ 420-422-ին մեկնել է Բյուզանդիա՝ Կոնստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի և հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ։ Վ երադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը։ Բյուզանդական իշխանություններից ստացել է «ակումիտ» (άxουμήτης -ճգնող) տիտղոսը։ Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է Աղվանք, հանդիպել աղվանից Արսվաղեն արքայի և Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը, որտեղից անցել է Բաղասական գավառ, մղել հակաաղանդավորական պայքար։ Այդ շրջանում եղել է Ուտիքի Գարդման գավառում, ապա՝ Գուգարաց Տաշիրքում։ Եվս մեկ անգամ Արևմտյան Հայաստան է այցելել 420-ականների վերջին, եղել Բարձր Հայք գավառի Դերջան, Եկեղյաց, Սպեր և Շաղգոմք գավառներում։ 431-439-ի միջև կաթողիկոս Սահակի և աշակերտների հետ հիմնականում ավարտել է Աստվածաշնչի թարգմանությունը։ 439-ին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում Հովսեփ Վայոցձորցին։
Կյանքի վերջին տարիներին գրել է հոգևոր շարականներ, կրոնա-փիլիսոփայական երկեր։
Հայ գրերի ստեղծումը
Հայոց գրերի ստեղծման վերաբերյալ առկա են բավականին հակասական կարծիքներ՝ չնայած հիմնականում գերակշռում է դասական մոտեցումը, ինչը ենդթադրում է, որ Մեսրոպ Մաշտոցը հանդիսանում է հայերեն այբուբենի ստեղծողը։ Հետաքրքիր և զարգացող մոտեցում է նաև այն, որ Մաշտոցը ոչ թե ստեղծել է հայոց այբուբենը, այլ վերականգնել այն։
Մեսրոպ Մաշտոցը որպես հայոց այբուբենի ստեղծող
Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թվականին դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցը Աստվածաշունչըհրապարակայնորեն կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Գողթնում կատարած քարոզչությունըՄաշտոցի մեջ հաստատեց հայերեն գիր ու գրականություն ունենալու հրատապ կարևորությունը։ Կային այդ որոշումն ընդունելու նաև այլ ծանրակշիռ պատճառներ։387 թ. Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև երկու մասի բաժանված Հայաստանի արևելյան և արևմտյան մասում թեև պահպանվում էր հայոց թագավորությունը, բայց պարսկական ազդեցությունն օրավուր մեծանում էր։ Երկրի արևմտյան մասում, որը միացված էր Բյուզանդիային, վերացված էր հայոց թագավորությունը,եկեղեցին ենթակա էր հունական եպիսկոպոսությանը, եկեղեցու և պետական լեզուն հունարենն էր։ Հայաստանի երկու մասերի միմյանցից օտարացումը սպառնում էր երկրի և ժողովրդի ամբողջությանը, վերահաս էր դառնում հայության ձուլման վտանգը, ամբողջ երկրում դպրոցների, համալսարանների լեզուն հունարենն էր, մասամբասորերենը, եկեղեցականների զգալի մասը հույներ ու ասորիներ էին, հայ հոգևորականության որոշ մասը հունախոս էր։
Հայ գրերի ստեղծման անհրաժեշտությունը
Արևմտյան շատ գավառներում հունարենն ու հունական կենցաղը արմատանում էին հայ ընտանիքներում։ Արքունիքում պաշտոնավարելիս և հետո Մաշտոցը կանխազգացել էր հայկական ինքնուրույն պետության մոտալուտ անկումը։ «Տեսնելով, որ հայոց թագավորության վերջը հասել է, Մեսրոպը (երկրի) խռովություններն իր համբերության նյութ դարձրեց» (Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, 1968 թ.)։
Այսպես Մաշտոցի համար հայ դպրության հրատապ ստեղծումն ուներ հետևյալ նպատակները.
- հայացնել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողությունները կատարել հայերեն,
- ստեղծել ու զարգացնել մայրենի լեզվով գրականություն,
- հայությունը փրկել ձուլումից, և դա ապահովել հետագայի համար,
- ամրացնել երկրի քաղաքականապես երկու մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում։
Մաշտոցի այս ծրագիրը ձևավորվեց Գողթնում ունեցած գործունեությունից հետո, երբ Կորյունի, «Նա մտքում դրեց ավելի հոգալ նույնպես համայն (Հայոց) աշխարհի ժողովրդին մխիթարելու մասին» (Կորյուն, Վարք Մաշտոցի, 1962 թ.) գրքում բերվում են նաև Մաշտոցի խոսքերը. «Տրտմություն է ինձ համար, և անպակաս են իմ սրտի ցավերն իմ եղբայրների և ազգակիցների համար»։
Սահակ Պարթև
387 թ. Կաթողիկոս դարձած Սահակ Պարթևը, որ միշտ եղել է ազգակենտրոն քաղաքականության առաջամարտիկ և Մաշտոցի գլխավոր հենարանը նրա գործունեության սկզբից ևեթ, ունեցել է նույն մտահոգությունը։ Գալով Վաղարշապատ՝ Մաշտոցը կաթողիկոսին հայտնում է իր ծրագիրը և անմիջապես ստանում նրա լիակատար հավանությունը։ Գումարվում է ժողով՝ նվիրված հայերեն գիր ունենալու հարցին։ Վռամշապուհ թագավորը հավանություն է տալիս նպատակին՝ հայտնելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն գրեր կան։ Ժողովի խնդրանքով թագավորը հայ գրերի նախանձախնդիր Վահրիճ անունով մի իշխանի ուղարկում է Դանիելի մերձակից Հաբել երեցի մոտ։ Վերջինս, Դանիելից առնելով գրերը, Վահրիճի հետ բերում է Հայաստան։ Այստեղ հիմնվում են դպրոցներ, Մաշտոցը ստանում է վարդապետի (ուսուցչի) կոչում և սկսում մանուկներին հայոց լեզու ուսուցանել բերված գրերով։ Սկիզբ է դրվում հայերեն դպրությանը։ Մոտ երկու տարվա դասավանդումից հետո պարզվում է, որ դանիելյան նշանագրերը ժամանակի հայերենն արտահայտելու համար անբավարար են ու անհարմար լեզվի վանկարկման ու ուսուցման տեսակետից. «… հասկացան, որ այդ նշանագրերը բավական չեն հայերեն լեզվի սիզոբաները-կապերն ամբողջությամբ արտահայտելու համար»։ Դանիելյան նշանագրերի մասին բանասերները հակադիր ենթադրություններ են արել։ Բացառված չէ, որ դրանցով ինչ որ ժամանակ գրվել է հայերեն, իսկ Մաշտոցի օրոք դրանք չեն բավարարել հայերեն դասավանդելու և հայոց դպրություն ստեղծելու համար։
Սահակ Պարթևի երաշխավորությամբ, թագավորի հրամանով այս անգամ Մաշտոցը իր աշակերտ-օգնականների հետ մի խումբ մանուկներ առած, ուղևորվում է Ասորիք։ Լինում է Ամիդ, ապա Եդեսիա քաղաքներում, հայոց գրերի մասին խորհրդակցում ասորի հոգևորականների հետ, բայց ապարդյուն։ Մանուկների մի մասին ասորական կրթություն է տալիս Եդեսիայում, մյուսին ուղարկում ավելի հյուսիս Սամոսատ՝ հունական կրթության։ Եդեսիայում Մաշտոցը ստեղծագործական երկունք ապրեց, «… նա շատ նեղություններ քաշեց իր ազգային մի բառի օգնություն գտնելու համար»
Հայերեն հնչյունական համակարգի ստեղծումը

No comments:
Post a Comment